Տնտեսություն և արդյունաբերություն

Սևանա լճի ջրհավաք ավազանը և լիճը գտնվում են ՀՀ Գեղարքունիկի մարզում։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի (նախկին Կրասնոսելսկ), Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջանները: Մարզկենտրոնն է Գավառ քաղաքը: Մարզի տարածքը կազմում է 5348 կմ^2, որից գյուղատնտեսության համար պիտանի հողատարածությունը կազմում է 240.033 հազ. հա:

Գեղարքունիքի մարզն ունի առավելապես գյուղատնտեսական ուղղվածություն: Մարզում գործում են շուրջ 60000 գյուղացիական տնտեսություններ: Տարածաշրջանում լայն տարածում է գտել անասնաբուծությունը, մեղվաբուծությունը, ձկնարդյունաբերությունը (հիմնական հենքը Սևանա լիճն է), կարտոֆիլի մշակությունը, բուսաբուծությունը:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Հիմնական արտադրատեսակներն են. կարտոֆիլը, անասնակերը, հացահատիկը:

Վերջին տարիներին լայն տարածում է ստացել պտղաբուծության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ խնձորենին, տանձենին, սալորենին, որոնցից հատկապես արժեքավոր են ցրտադիմացկուն տեսակները:

normal__MG_3989Անասնապահությունը նույնպես զարգացած է: Հիմնական արտադրատեսակներն են կաթը, միսը և բուրդը։ Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի և թեթև արդյունաբերության ոլորտները: Մարզում շահագործվում են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սևան, Ճամբարակ քաղաքներում և Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում և իրացվում են ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում:

Ալպյան բազմազան բուսաշխարհը նպաստավոր է մեղրի արտադրության համար` տարեկան արտադրելով մոտ 300 տոննա մեղր:

normal__MG_3635Նախկինում զարգացած է եղել ձկնարդյունաբերությունը, որը սակայն ներկայումս անկում է ապրել, քանի որ Սևանա լճում ձկան արդյունաբերական պաշարներ այլևս չկան։ Ներկայումս ՀՀ իշխանությունները պետական մակարդակով ձեռնարկվում են միջոցներ Սևանա լճի ձկնապաշարների և ձկնարդյունաբերության վերականգման ու զարգացման համար։

Սևանա լճի ավազանն ունի առողջարարական ենթակառուցվածքների, զբոսաշրջության և ռեկրեացիայի զարգացման մեծ պոտենցիալ` իր առողջարարական պաշարներով (լեռնային կլիմա, լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, գեղատեսիլ լանդշաֆտներ)։ Այստեղ դուք կարող եք վայելել բազմապիսի հանգիստ, այդ թվում լող, արևային լոգանք, ջրային դահուկներ, ալիքագնացություն և պարզապես վայելել գեղեցիկ բնության տեսարանները: Ամենահամարձակ անձանց համար կա հատուկ առաջարկ սուզում:

Բնական ժառանգության, որպես տուրիզմի և ռեկրեացիայի ռեսուրս, անկրկնելի օբյեկտներ են հանդիսանում Սևանա լիճը, դրա լողափերը, Սևանի և Արտանիշի թերակղզինները, ճայերի կղզին, ռելիկտային (մասունքային/մնացորդային – ժամանակակից բուսական աշխարհում հնուց պահպանված օրգանիզմներ) գիհու նոսրանտառները և կաղնու մնացորդային անտառները, Սևանա լճի ավազանը գոտևորող Արեգունու, Սևանի, Վարդենիսի և Գեղամա լեռնաշղթաները: Միայն «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվառված է պատմության և մշակույթի 1489 անշարժ հուշարձան` ներառյալ բնական հուշարձանները: Հուշարձանների ժամանակային բազմազանությունն ընդգրկում է մ.թ.ա. 15-րդ հազարամյակից մինչև մ.թ. 20-րդ դարը ընկած ժամանակահատվածը: Հնագիտական և պատմամշակութային հուշարձանների զգալի մասը կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի զարգացման պատմական ընթացքում և դրանց առկայությունը հնարավորություն է տալիս այստեղ կազմակերպել պատմա-մշակութային, ուսումնական ու գիտաճանաչողական (հնագիտական, երկրաբանական), էկոլոգիական, էթնոգրաֆիկ և տուրիզմի այլ ձևեր:

SevanՍևանի ավազանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես թռչունների դիտարկման տեսանկյունից: Հիմնական գրավչությունը Ճայերի կղզում գոյություն ունեցող հայկական որորի պոպուլյացիան է: Թռչնադիտողների համար հետաքրքրություն են ներկայացնում Լճաշեն գյուղին հարակից լճի ծովախորշը, Նորատուսի հրվանդանը, Լիճք արգելոցային գոտում գտնվող լճակը, Մասրիկի գետաբերանը, Գիլլի լճի նախկին տարածքը, Արեգունու լեռնաշղթայի լանջերը: