Սևանա լիճ

«Սևանը նման է մի կտոր կապույտ երկնքի,
որ իջել է երկնքից երկրի վրա լեռների միջև»:
Մաքսիմ Գորկի

Sevan_Armenia_Севан_Армения

Սևանա լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, մայրաքաղաք Երևանից 60 կմ դեպի հյուսիս-արևելք։ Վանա և Ուրմիա լճերի հետ միասին Սևանա լիճը հանդիսանում է հայկական հինավուրց աշխարհի պատմական Մեծ Հայք կոչվող թագավորության երեք խոշոր լճերից մեկը: Վանա և Սևանա լճերը միասին կոչվել են Հայկական Թագավորության «կապույտ աչքեր»: Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա: Սևանա լիճը շրջապատված է Վարդենիսի, Գեղամա, Փամբակի, Արեգունի և Սևանի լեռնաշղթաներով։ Նորատուս և Արտանիշ հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, լիճը բաժանված է Մեծ Սևանի և Փոքր Սևանի: Լճի հյուսիս-արևմտյան մասում գտնվում է Սևանի թերակղզին իր հռչակավոր վանքերով ու խաչքարերով։

Սևանը Հայաստանի Հանրապետության միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին: Այն աշխարհի մեծ, բարձր-լեռնային, քաղցրահամ լճերից է: Այս երեք հատկանիշների միասնության պատճառով լիճը իսկապես հանդիսանում է տարածաշրջանի և մեր մոլորակի եզակի, ուշագրավ երևույթներից: Սևանա լիճը լեռների միջև տեղակայված մի մարգարիտ է, որը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի յուրահատուկ ու ամենատպավորիչ գանձը։

 Սևանա լճի ավազանը

Սևանա լճի ավազանը իրենից ներկայացնում է լեռնաշղթաներով պարփակված եռանկյունաձև, հսկայական գոգավորություն, որը ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելյան ուղղությամբ: Սևանա լիճը շրջապատում են հարավից՝ Վարդենիսի, արևմուտքից՝ Գեղամա, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից՝ Փամբակի, հյուսիսից և հյուսիս-արևելքից՝ Արեգունի, արևելքից՝ Սևանի լեռնաշղթաները, որոնց բարձրությունները ծովի մակարդակից տատանվում են 2200-3800 մ տիրույթում, իսկ լճի մակարդակից բարձր են 300-1800 մ։ Միայն լճի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Սևան քաղաքի մոտ է ավազանի ջրբաժան գծի բարձրությունը իջնում մինչև լճի մակարդակին։ Հենց այդտեղից էլ սկիզբ է առնում Սևանից սկսվող միակ գետը՝ Հրազդանը։

Մինչև ջրի մակարդակի իջեցումը լճի հյուսիս-արևմտյան մասում գտնվում էր հայտնի Սևանի կղզին՝ 63 մ բարձրության և 0.3 կմ2 տարածքով, որը հետագայում ջրի մակարդակի իջեցման հետևանքով (1955 թ-ից) վերածվեց թերակղզու, որի արևելյան մասը մի ժայռապատ 1982.3 մ բարձրությամբ բարձունք է ։

Կլիմա

Սևանա լճի ավազանն ունի մայրցամաքային լեռնատափաստանային կլիմա՝ սառը և ձնառատ ձմեռային սեզոններով ու ջերմ, արևոտ ամառային սեզոններով: Գարնանային և աշնանային եղանակային սեզոնները կարճ են: Սևանա լճի ավազանն ենթարկվում է ինտենսիվ արևային և ուլտրամանուշակագույն ճառագայթման, օրվա ընթացքում դիտվում են ջերմաստիճանի զգալի տատանումներ, երբեմն ուժեղ քամիների ուղեկցությամբ, որոնք և ձևավորում են Սևանա լճի ջրհավաք ավազանի կլիման: Արևային ժամերի քանակը տարեկան տատանվում է 2600–2800–ի միջև:

Սևանա լճի ավազանի տարբեր հատվածներ աչքի են ընկնում տարբեր կլիմայական պայմաններով: Լճի մակերեսին ջրի միջին ջերմաստիճանը ամռանը (հուլիս-օգոստոս) լինում է 19°-20°C: Առանձին շոգ տարիների ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև 23°-24°C: Ձմռանը լճի մակերևույթը մասամբ սառցակալում է։ Հազվադեպ, առանձնապես ցուրտ ձմեռներին Սևանա լիճն ամբողջապես սառցակալում է:

Լճի ջրհավաք ավազանում մթնոլորտային տեղումները միջինում կազմում են 500-600 մմ:

Ջրհավաք ավազան

Սևանա լճի ընդհանուր ջրհավաք ավազանի տարածքը կազմում 4891 կմ2, ջրբաժան գծի ընդհանուր երկարությունը` մոտ 400 կմ, հայելու մակերեսը` մոտ 1270 կմ2։

Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, 2 մեծ աղբյուր (Լճավան և Լիճք), որոնցից 4-ը` Փոքր Սևան, մյուսները` Մեծ Սևան:

Սևանա լճի ջրային բալանսում կարևոր դեր են խաղում Արփա-Սևան (48 կմ)  և Որոտան-Արփա (21,6 կմ) թունելները (գործարկվել են համապատասխանաբար 1981 և 2004 թվականներից), որոնք Արփա և Որոտան գետերի ջուրը հասցնում են Սևանա լիճ:

Լճից դուրս է գալիս մեկ գետ` Հրազդանը: Այսօր այս գետը վերածվել է ջրանցքների և ջրատարների մի համակարգի, որով հոսում է Սևանա լճից ոռոգման նպատակներով վերցված ջուրը:

Վարչական կառուցվածք

Սևանա լճի ավազանը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիկի մարզում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ (նախկին` Կրասնոսելսկ), Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր: Մարզկենտրոնն է Գավառ քաղաքը: Գեղարքունիքն ամենախոշոր մարզն է ըստ տարածքի և զբաղեցնում է ՀՀ տարածքի 18 %-ը: Մարզում բնակվում է 238.000 մարդ:

Մարզի տարածքում է գտնվում «Սևան Ազգային պարկը»` (կազմավորվել է 1978 թ-ին), որի տարածքը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ։ Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն, տնտեսական

Պարկի տարածքում կա 4 արգելոց՝ «Նորաշենի», «Լիճք-Արգիչի», «Գիլլի» և «Արտանիշի», 2 արգելավայրեր՝ «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային»։ Ռեկրեացիոն գոտում գործում են հանգստյան տներ, հյուրանոցներ, հանգստի կազմակերպման անհատական օբյեկտներ: Տնտեսական գոտին ընգդրկում է ձկնային և անտառային տնտեսությունները: