Տեսարժան վայրեր
Պատմամշակութային և բնության հուշարձաններ
Սևանա լճի հարակից տարածքը տուրիզմի համար իսկական կատարյալ հարթակ է, սակայն ոչ միշտ է այն օգտագրծվում: Բացի ավանդական դասական այցելվող վայրերից այս տարածաշրջանում կան հետաքրքիր ու ոչ պակաս կարևորություն ունեցող վայրեր, որոնք շատ հաճախ դուրս են մնում տարածաշրջան այցելող հյուրերի երթուղիներից:
Օրինակ, ոչ բոլորին է հայտնի, որ Սևանա լճի հարակից գյուղերից մեկում գտնվում է Լճաշեն / նախկինում Իշտիունի/ գյուղը, որը հայտնի է դեռևս բրոնզեդարյան շրջանից որպես կարևոր և բացառիկ գտածո և որտեղից պեղված էքպոնատներով առավել հարստացել է Հայաստանի պատմության թանգարանը: Այս գյուղի ամբողջ տարածքը կարծես թե հնագիտական թանգարան է / այժմ հնագիտական պեղումներ այլևս չեն իրականացվում, բայց յուրաքանչյուր լճաշենցի վստահ է, որ ապրում է շատ կարևոր հարուստ պատմությամբ ներծծված հողի վրա և որ իր ոտքերը պահող հողը դեռ շատ բացահայտումներ ունի անելու հնագիտության ոլորտում/:
Լճաշենը տարբեր ժամանակաշրջանների հնագիտական հուշարձանների համալիր է/մասնավորապես հարուստ է բրոնզեդարյան և ուրարտական շրջանի գտածոներով/: Այս յուրօրինակ բացօթյա թանգարանն իրենից ներկայացնում է մինչուրարտական ժամանակաշրջանի բնակավայր, որը շրջապատված է եղել կիկլոպյան պարսպաշարերով:
Որպես բնակավայր սկզբնավորվել է մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին այն վերածվել է ամրոցի: Հնագույն քաղաք- ամրոցի /միջնաբերդերով/ պարիսպների մնացորդները պահպանվել են գյուղից 2 կմ հարավ և հարավ-արևելք, ունեն 3-4 մետր, որոշ տեղերում` 5-7 մետր հաստություն:
Այժմ Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվող բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք վերագրվում են վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանին պեղվել են 1956—1958 թթ-ի Լճաշենի հնագիտական պեղումների ժամանակ :
Գյուղ այցելելիս կարող ենք տեսնել կիլոպյան ամրոցներով շրջապատված դաշտավայրը, իսկ գյուղի արևելյան կողմում, նախաուրարտական բնակատեղիի մոտ, մեծ ու անտաշ քարաժայռի վրա փորագրված է մ.թ.ա. 776թ Արգիշտի կողմից կատարված սեպագիր արձանագրությունը, որը գյուղի մասին առաջին գրավոր հիշատակումն է, որտեղ մասնավորապես արքան թվարկում է իր քաջագործությունների և հզորության մասին: Գյուղի բնակիչները հայտնի են տարածաշրջանում որպես երգողներ:
Ոչ ավանդական այցելվող վայրերից է նաև Մաշտոցներ կոչվող փոքրիկ սրբատեղին:
Ավանդության համաձայն սրբատեղին հիմնել է 9-րդ դարում՝ հետագայում ամենայն հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդացու կողմից, ի պատիվ որի էլ մինչ օրս կոչվում է Մաշտոցներ, որը վերակառուցվել է 1984 թվականին, սակայն այստեղ գլխավորը մատուռի կողքին սարից հասնող ջրի առկայությունն է: Մաշտոցներ կոչվող այս մատուռը տեղական ազգաբնակչության կողմից համարվում է սրբատեղի` հենց այս սառնաղբյուր ջրի բուժիչ հատկության շնորհիվ, ինչպես օրինակ Ֆրանսիայում Լուրդի սուրբ ջուրը: Սակայն ի տարբերություն Լուրդի, որն ունենում է տարեկան մոտ 5 միլիոն ուխտավոր անպայման հավատով, այս ջրիզորությունից օգտվում են նույնիսկ անհավատները, ինչը վկայում է շրջակա տարածքում այս տեղանքի և հատկապես ջրի համատարած ընդունված և սիրված լինելը:
Տարածքը հարուստ է դեղաբույսերի տեսակներով և շատ հարմար է նաև պիկնիկներ կազմակերելու համար:
Հետաքրքրական վայր է նաև Սևանի Բուսաբանական այգին: Թեպետ այն բավական երիտասարդ այգի է, բայց բացառիկ է նրանով, որ գտնվելով 2000մ բարձրության վրա` ունի բուսական աշխարհի մոտ 450-ից ավելտեսակներ, ինչն այդքան էլ սովորական չէ: Այգում փորձարկվում են տարբեր երկրներից բերված ավելի քան 500 տեսակի ծառաթփային բույսեր: Այգին ևս ունի հրաշալի հնարավորություն դառնալու առավել հաճախ այցելվող վայր:
Սևանա լճի ավազանի բուսականև կենդանական աշխարհին ծանոթանալու համար կարող եք այցելել Սևանի բնագիտական թանգարանը, որտեղ բազմակողմանիորեն ներկայացված է ավազանի բուսական, կենդանական աշխարհը, էկոլոգիական վիճակը: Այստեղ ցուցադրված են նաև տարածաշրջանի հազարամյակների պատմությանը վերաբերվող կենցաղային , աշխատանքային գործիքներ:
Տուրիզմը որպես սոցիալ – տնտեսական գործիք
Սևանա լիճը գրկող լեռներն առավել շատ հմայք են հաղորդում այս տարածաշրջանին:
Տարածաշրջանն իրականում ունի բոլոր հնարավորությունները դառնալու Հասատանի /ոչ միայն Հայաստանի/ լեռնազբոսանքի լավագույն կենտրոններից մեկը ՝ տարվա բոլոր եղանակներին:
Այս տարածաշրջանում լեռնազբոսանքի առավելությունը կայանում է նրանում, որ լեռներն առավել անցանելի են և շատ ուժեղ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջվում, այսինքն՝ նույնիսկ ֆիզիկապես ոչ շատ ուժեղ և պատրաստված մարդը առանց դժվարության կարղ է բարձրանալ /բացառությամբ ճնշման հետ խնդիրներ ունեցողները/: Ամբողջ ճանապարհն առավել քան հաճելի է, քանզի բարձրանալիս րոպե առ րոպե առջևդ բացվում են Սևանա լճի մշտապես տարբեր տեսարաններ:
Տուրիզմի այս տեսակի զարգացումը տարածաշրջանում հնարավորություն կտա մոտակա գյուղերի բնակիչներին դառնալու տուրիզմի ակտիվ դերակատարներ և բարելավելու իրենց սոցիալ- տնտեսական վիճակը: Մասնավորապես հնարավորություն կա զարգացնելու մեղվապահությունը , մեղրի արտադրությունն ու վաճառքը առավել արդյունավետ և շահավետ կազմակերպելու, չրերի արտադրություն , բուսական թեյերի և այլն:
Գոհար Մնացականյան
ք. Սևանի բնակիչ
««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ, գործադիր տնօրեն